Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

2.17.2013

Գ. Մելիքյան. «Դասախոսն է հունցում ուսանողին»


ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին շատերն են ճանաչում ու սիրում: Նրա մարդկային որակների, հայրենանվեր աշխատանքի մասին հաճախ ենք լսել այլոց շուրթերից: Այսօր, սակայն, կխոսենք Գուրգեն Մելիքյան հայասեր մարդու, նրա ապրումների, ընտանիքի, ցանկությունների ու իղձերի մասին:

- Պարո՛ն Մելիքյան, ինչպիսի՞ տարբերություններ եք տեսնում Ձեր ժամանակների ուսանողության և ներկայիս ուսանողների միջև:
- Նախ ասեմ՝ ով իրեն ուսանող է համարում, և՛ այն ժամանակ էր ուսանող համարում, և՛ հիմա: Ուսանող, այսինքն՝ սովորող մի մարդ, ով եկել է գիտելիքներ ձեռք բերելու: Վստահորեն կարող եմ ասել, որ որևէ տարբերություն չկա: Մեր ժամանակներում էլ մարդիկ կային, ովքեր պարզապես ժամանակ էին անցկացնում: Կային և նրանք, ովքեր սովորում էին: Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ միջանցքներում ավելի շատ էին բանավեճերը, խոսակցությունները, բանաստեղծներին համալսարան հրավիրելը, նրանց ունկնդրելը, թեկուզ փոքր լսարաններում: Այսօր դա է պակասում, թեև ուսանողը նույնն է: Ուսանողը այն խմորն է, որը եկել է համալսարան, և դու հունցում ես այն: Նա կախված է քեզանից՝ ինչպես կհունցես: Մեր համալսարանը հայրենասիրական դպրոց է, եթե սխալ կա, մենք ենք մեղավոր, որովհետև ուսանողը նայում է դասախոսին, տեսնում, թե նա ինչպես է ապրում, ինչ մտորումներ ունի, այդ ժամանակ դասախոսը կարող է ուղորդել ուսանողին: Թեև ներկա սոցիալական ծանր վիճակը որոշակի փոփոխություններ մտցրել է մեր մեջ, բայց ես կարծում եմ՝ ով հայեցակետ ունի, նա երբեք չի կարող սխալ ճանապարհ ընտրել, ինքն իրեն դավաճանել:
- Իսկ ինչպիսի՞ տարբերություններ եք նկատում ներկայիս դասախոսների, նրանց դասավանդման ոճի, դասախոսության և Ձեր տարիների դասախոսների միջև: Շա՞տ են այդ տարբերությունները: Դրանք ավելի շատ դրակա՞ն են, թե՞ բացասական:
- Երկինք-գետին տարբերություններ կան: Մեր դասախոսներն այնպիսին էին, որ երբեմն մենք փախչում էինք մեր հիմնական դասից և գնում նրանց լսելու: Հետաքրքիր բան էր: Ռուբեն Սևակ, Լևոն Ներսիսյան, Մկրտիչ Մակարյան. սրանք այն մարդիկ էին որոնց ժամերով կարող էիր լսել ու չձանձրանալ: Սա ես, իրոք, կարևորում եմ: Բայց «ունկնդիրն է ելույթ ունեցողին խոսքի հրավիրում»: Պետք է այդ հանդիսատեսը լինի, որ դու կարողանաս նրանց հետ խոսել: Մենք ունենք հրաշալի դասախոսներ, ովքեր կզարդարեին ցանկացած համալսարան: Դասախոսներ կան, որոնց մոմով ման գանք մյուս բուհերում, չենք գտնի և նրանք երբեք իրենց ցածր աշխատավարձից չեն դժգոհում, համալսարանի դասախոս են, կոչումն են կարևորում, նրանք անկաշառ են. դա շատ կարևոր է: Ես միշտ քննություններից հետո մոտենում եմ ուսանողներին և հետաքրքրվում, արդյոք արդար էր ամեն բան, և երբ լսում եմ՝ այո՛, արդար էր, այդ ժամանակ ես վեհություն եմ ապրում:
- Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի մեր օրերի ուսանողը: Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի, որ նրան համարեք լավ ուսանող:
- Ինձ համար այն ուսանողը, որ հայեցի չի մտածում, նա ոչ մի բանի պետք չէ: Պետք է ունենա հայրենասիրություն, ազնվություն, մաքրություն, անաչառություն: Երբ տնից դուրս է գալիս ազնիվ մարդ, անաչառ պետք է լինի, պետք է ինքն իրեն շտկի, հետո ուրիշներին քննադատի: Պետք է ոչ միայն իր բարեկամին գնահատի: Ես ինքս էլ ասում եմ՝ եթե իմ մեջ տեսնեք այդ կեղտը, մի՛ վախեցեք և ասե՛ք, մեր կոչումը ձեզ ծառայելն է, սովորեցնելը, ուղորդելը, հայրենասիրության ոգին բարձրացնելը:
- Դուք ինչպիսի՞ ուսանողություն եք ունեցել: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ ուսանող է եղել Գուրգեն Մելիքյանը:
- Ես արդեն քսանմեկ տարեկան էի և շատ ուշ եմ եկել համալսարան: Երկորդ կուրսում եմ ընդունվել բուհ: Օրը տասնվեց ժամ կարդում էի, ամաչում էի, որ նրանք մի բան ավել գիտեն: Արագ չէի կարողանում ընթերցել, ինձ այդ հարցում օգնում էին համակուրսեցիներս, ինչի համար էլ շատ շնորհակալ եմ: Թեև պարսկերենով շատ էի կարդացել, բայց ետ էի մնում, դրա համար նորից կարդում էի: Արդեն երրորդ կուրսում անվանական կրթաթոշակ էի ստանում: Այո՛, վերապահում կար, որովհետև բոլորը գիտեին, որ հայրենադարձ եմ, հայկական դպրոց չեմ գնացել, բայց ջանասիրությունս գնահատում էին: Դասախոսին ուսանողը պարտադրում էր, այդ պատկառանքը, հարգանքը, սերը: Երբ մեր դասախոսները անցնում էին, մենք կպչում էինք պատին. դա վախ չէր, այլ սեր էր, պատկառանք ու հարգանք, որ կտածես ծնողիդ հանդեպ: Ցայսօր այդպես եմ ապրում, հիշում եմ նրանց: Նրանք են մեզ ուղորդել, այս պարգևը նրանց է պատկանում, քանի որ ինձ օգնեցին: Այսօրվա ազգային արժեքների արժեզրկման դարաժամանակներում, որը նաև սոցիալական բնույթ ունի, մեր գործընկերներն են մեզ ուղորդում:
- Արդյո՞ք տարբերություններ տեսնում եք այն ժամանակների սիրահարված ուսանողների և մեր օրերի պատանիների միջև:
- Դժվար հարց եք տալիս: Իրոք, սերը խաղ չէ, այն ապրում են: Գուցե այն ժամանակ ավելի լրջախոհ էին: Հիմա ուսանողներ կան, ովքեր գալիս են ինձ մոտ, կիսվում են, խոսում ենք: Այն ժամանակ անջրպետն ավելի մեծ էր դասախոս-ուսանողի միջև: Հիմա այդքան էլ մեծ չէ, դա լավ է, բայց և պետք է այդ պատկառանքը զգան, որ իրենցից ավելի վաստակաշատ ենք, տանք նրանց այն ջերմությունը, որ ծնողն է տածում իր ձագուկի հանդեպ: Չպետք է ուսանողն այնպիսին լինի, ում կանչում ես, հետը մեկ բաժակ խմում այն բանի համար, որ բանակից է վերադարձել, պետք է իր չափն անցնի: Այսօր ես մտնում եմ բուհի արտաքնոց (զուգարան) և տեսնում, որ ծխում են: Մի օր ասացի, որ թեև շատ եմ ձեզ հարգում, բայց չի կարելի. դա ռեկտորի հրամանն է: Ես անցնում եմ լսարաններով, և երբ տեսնում եմ՝ լույսը վառ է, ես ինքս հանգցնում եմ այն. մեր առանց այդ էլ անիվիճակի պետությանը չպետք է տանջենք: Համալսարանը մեր տունն է, մեր պետությունը:
- Այսօր Ձեզ ինչպիսի՞ ուսանողներն են դուր գալիս:
- Ինձ ավելի շատ դուր է գալիս համտեղող ուսանողը, ով կկարողանա և՛ լավ  սովորել, և՛ լավ աշխատել, և՛ հասարակական ակտիվություն ցուցաբերել, հայրենիքի հանդեպ սերը համատեղել գիտության, մարդկության հետ: Այն, որ մենք գնում, ծառ ենք տնկում, և շատ ուսանողներ են գալիս մեզ հետ, արդեն համամարդկային է:
- Ձեր ընտանիքի մասին մի փոքր կպատմե՞ք:
- Ես շատ լավ ընտանիք ունեմ. ապրում ենք ոչ ճոխ պայմաններում՝ քսանութ քառակուսի մետր տարածքում: Տղաս հիմա Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի արտակարգ և լիազոր դեսպանն է, դրանից առաջ եղել է ԱՄԷ-ի, Գերմանիայի, Հունաստանի դեսպանը: Ինձ ասում է՝ «հայրի՛կ, հանգիստ եղիր, հպարտ և գլուխդ բարձր մա՛ն արի, ես երբեք սխալ բան չեմ անի»: Սա շատ կարևոր բան է ծնողի համար: Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, դուստրս դեռ փոքր էր և թռուցիկներ էր նկարում դրոշով տանկերով: Իրեն ոչ ոք ոչինչ չէր ասել:Այսինքն՝ շատ կարևոր է այն, ինչ ընտանիքում է խոսվում, ինչ է արվում: Ունեմ երկու թոռնիկ՝ տղա և աղջիկ՝ տղայիս որդիներն են: Թոռնուհիս Աբու Դաբիում անվճար ավարտեց Ամերիկյան համալսարանը:
Հայրս Հայաստանից փախել է երեսուներեքին: Մայրս սովորել է Հնդկաստանում, շատ լավ սղագրություն գիտեր: Դժվար ենք ապրել, բայց ոչ աղքատ: Հայրս մեքենայի մեխանիկ էր, շատ խստաբարո, մայրս էլ մեծահարուստի աղջիկ էր, բայց ոչինչ մեզ չէր ասել: Նորմալ բանվորի ընտանիք էր: Հետո ես ընդունվեցի կոմունիստական կուսակցության երիտասարդական միության շարքերը, հետո բանտարկվել եմ, հետո եկել ենք Հայաստան:
- Ո՞րն է Ձեր սիրած գիրքը:
- Վերջերս Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» գիրքը կարդացի. նա իմ որսի ընկերն է եղել, բայց հետո երբ տեսա ինչպես է եղնիկը լացում, թողեցի որսորդությունը: Հետո սկսեցի ձկներ բաց թողնել, նախարարությունից վերցնում էի և տանում գետերում բաց թողնում: Ջալալ ադ-Դին Ռումի նորից եմ կարդում, մերթընդմերթ «Նարեկ» եմ կարդում:
- Ի՞նչ է Ձեզ համար արևելագիտությունը:
- Արևելագիտությունն ունիվերսալ գիտություն է նախ: Մեծ դպրոց է ու մեծ պատասխանատվություն է կրում իր մեջ: Այն իմպերիայի գործ է: Շատ եմ կարևորում հատկապես մեր պետության համար այս գիտությունը: Համենայն դեպս, արևելագիտությունը պետք է միշտ լինի, և մենք այս գիտելիքները պետք է օգտագործենք հայագիտության մեջ: Շատ կուզեի, որ այն այժմ էլ հայագիտության հետ սերտորեն առնչվեր, որ հետագայում ավելի շատ օգուտ մեզ բերի: Առանձին գիտությամբ բոլորն են զբաղվում, բայց հայ-արաբագետ, հայ-իրանագետ, հայ-թուրքագետ պարտավոր ենք ունենալ:
- Ո՞վ է այն արևելագետ-գիտնականը, ում Դուք ամենից շատն եք հավանում:
- Ինձ համար մեծ գիտնական է Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը, որոնք թեև արևելագետ չեն, բայց շատ մեծ են ինձ համար:
Հարցազրույցը ՝ Դիանա Եղիազարյանի

12.15.2012

Հետադարձ կապ

Շնորհակալ ենք Արևելագիտության ֆակուլտետով և նրա ուսանողական կյանքով հետաքրքրվելու ու այս բլոգ այցելելու համար: Մենք միշտ պատրաստ ենք  մեր ֆակուլտետում իրականացվող ուսումնական պրոցեսի և միջոցառումների  վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հետաքրքրվող մարդկանց: Ինչպես նաև ուրախ ենք ձեզ տեսնել մեր միջոցառումների ընթացքում:
 Երևի արդեն հասկացաք, որ զուր չենք ասում՝  «Արևելքն այստեղ է» :

Մեզ հետ կարող եք կապվել՝ գալով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, 7-րդ մասնաշենք , 3-րդ հարկ, 320 սենյակ կամ զանգահարելով (37410) 555240  5-61  հեռախոսահամարով
Մեզ կարող եք գրել նաև  arevelaget@gmail.com էլ․հասցեով, ինչպես նաև գտնել  մեզ Ֆեյսբուքյան մեր էջում՝ https://www.facebook.com/arevelaget :

«Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»

Նոյեմբերի 12-ին  ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոսներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Միջոցառման կազմակերպման նպատակը ներկաներին ՀՀ Ազգային հերոսների կյանքին ու գործունեությանը ծանոթացնելն էր, ինչպես նաեւ ուսանողների շրջանում հայրենասիրական ոգու եւ ազգային արժանապատվության բարձրացումը:
«ՀՀ Ազգային հերոս» բարձրագույն կոչումը գործում է 1954 թ-ի ապրիլի 22-ից: Այն շնորհվում է երկրի պաշտպանության եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին այն մարդկանց պատմությունները, ովքեր տարբեր տարիների արժանացել են «ՀՀ Ազգային հերոս» կոչմանը: Նրանց շարքում են Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, բարերարներ Նիկոլայ Ռիժկովն ու Գրիգոր Գրիգորյանը (Քըրք Քըրքորյան), ազգի մեծագույն զավակ Մոնթե Մելքոնյանը, Շարլ Ազնավուրը, Վիկտոր Համբարձումյանը, Ալեք Մանուկյանը եւ ուրիշներ: 
Միջոցառման հայրենասիրական ոգին բարձր պահեցին ֆակուլտետի ուսանողները, ովքեր ազգային պարերի ու հայրենասիրական երգերի իրենց կատարումներով իսկապես վարակեցին ներկաներին:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ով բարձր գնահատեց ուսանողների կատարած աշխատանքը եւ որպես արվածի վարձատրություն՝ խոստացավ մասնակիորեն վճարել այն ուսանողների ուսման վարձերը, ովքեր մասնակցում էին միջոցառմանը:
http://ysu.am/site/index.php?lang=3&page=2&id=13313

   

12.14.2012

Ժողովրդավարությունը շահում է «դատը»


Ապագա արեւելագետները հետաքրքիր ու ժամանցային ներկայացում-դատավարություն էին կազմակերպել:
Արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Ոտքի՛, ժողովրդավարությունն է գալիս» խորագրով ներկայացում-դատավարությունը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 15 ակտիվ ուսանողներ, ովքեր փորձում էին լավագույնս ներկայացնել այն կերպարները, որոնց դերերն իրենք ստանձնել էին:

«Այս միջոցառման նպատակը ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդումն ու զարգացումն է, ինչպես նաեւ ուսանողության շրջանում այդ ոլորտի վերաբերյալ գիտելիքների բարձրացումը: Մոտ մեկուկես ամիս պատրաստվելուց հետո բավականին հետաքրքիր միջոցառում ստացվեց. այդ մասին վկայում էին հանդիսատեսի կարգավիճակում միջոցառմանը մասնակցող թե՛ ուսանողները, թե՛ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները»,- ասում է այսօրվա միջոցառման կազմակերպիչ, Արեւելագիտության ֆակուլտետի ՈՒԽ իրավական հանձնաժողովի պատասխանատու Սոնա Մակասյանը:

«Ոտքի՛, ժողովրդավարությունն է գալիս» խորագրով միջոցառումը կրում էր ներկայացում-դատավարության բնույթ, որի համատեսքստում «Բռնապետությունը» հայց էր ներկայացրել «Ժողովրդավարության» դեմ: Դատավարության ընթացքում արդեն բացահայտվում էին մերօրյա ժողովրդավարության եւ բռնապետության հակասությունները: Դատավարությանը ներկայացել էին երկու կողմերի ջատագովները (պատմական հայտնի կերպարների տեսքով)` որպես վկաներ:

Միջոցառման ընթացքում սերտ կապ էր պահպանվում հանդիսատեսի հետ` իմանալու համար նաեւ վերջիններիս տեսակետները: Թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները մեծ ակտիվություն էին ցուցաբերում եւ իրենց տեսակետներն էին ներկայացնում խնդրի առնչությամբ` կողմ կամ դեմ լինելով թիմերի արտահայտած տեսակետներին:

«Իրոք հաճելի միջոցառում էր: Երբ եկել էի մասնակցելու, ինձ ոչինչ հայտնի չէր` բացի միջոցառման խորագրից: Ամեն բան գաղտնի էին պահել` փորձելով հաճելի անակնկալ մատուցել հանդիսատեսին: Շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները կարողացան թեեւ ոչ իրենց մասնագիտական ոլորտում այսպիսի խորը գիտելիքներ ներկայացնել»,- ասում է Արաբագիտության ամբիոնի վարիչ Սոնա Տոնիկյանը:

Միջոցառման ավարտից հետո էլ մասնակիցների շրջանում բավականին բուռն քննարկումներ էին ծավալվել`
«Ժողովրդավարությո՞ւն, թե՞ բռնապետություն» հարցի պատասխանը գտնելու համար, թեեւ «դատարանն» արդեն վճիռ էր կայացրել ժողովրդավարության օգտին. «բռնապետները» ոչ մի կերպ չէին համակերպվում դաժան պարտությանը:

Ըստ Արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հարություն Մալխասյանի` հաճելի էր, որ այդպիսի յուրօրինակ միջոցառում էր կազմակերպվել. «Ուրախ եմ, որ մեր 3-րդ կուրսի ուսանողները կարողացան այսքան գեղեցիկ ներկայացում-դատավարություն բեմադրել: Մթնոլորտը, իրոք, ուրախ էր ու հաճելի, այդ պատճառով էլ որեւէ թերացում չեմ նկատել:



           






12.10.2012

Կայացավ «Արագ բանավեճի» առաջին խաղը


Դեկտեմբերի 10-ին Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Արագ բանավեճ» մրցույթը: Այս ձևաչափով բանավեճը մեր ֆակուլտետում առաջին անգամ էր կազմակերպվել, քանի որ ցանկացել էինք նոր շունչ հաղորդել այս միջոցառմանը: Այս յուրօրինակ մրցույթին մասնակցում էին 3 թիմեր` բաղկացած 5 անդամներից, համապատասխանաբար Իրանագիտության, Արաբագիտության և Թյուրքագիտության բաժիններից:
Թեմաները տրվում էին ժյուրիի անդամների կողմից և 1 րոպե ժամանակ էր հատկացվում, այդ ընթացքում մտքերը հնարավորինս ամփոփելու և թիմի դիրքորոշումը ներկայացնելու համար:
Ժյուրիի անդամներն էին թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, իրանագետ Խաչիկ Գևորգյանը և արաբագետ Արայիկ Հարությունյանը: Առաջարկված թեմաները բավականին հետաքրքիր էին. առնչվում էին ինչպես մասնագիտական, այնպես էլ առօրյայում շատերին հուզող հարցերին` սկսած տարածաշրջանային հիմնահարցերից մինչև մերօրյա «բարձրորակ» սերիալներ, ընդհուպ մինչև «հիգիենայի նորմեր»: Այս անգամ հակառակորդ թիմերը իրավունք չունեին հարցեր ուղղելու միմյանց, ուստի հնչում էին միայն ժյուրիի անդամների հարցերը:
Նշենք, որ այսօր «Արագ բանավեճ»-ի առաջին փուլն էր, և հաջորդ փուլ կարող էին անցնել միայն 2 թիմ: Արդեն այժմ հաջորդ փուլին մասնակցելու իրավունք են ստացել Իրանագիտության և Արաբագիտության բաժինները ներկայացնող թիմերը: Երկրորդ փուլում միմյանց հարցերով դիմելու իրավունք կունենան նաև հակառակորդ թիմերը, այնպես որ բավականին հետաքրքիր բանավեճ է սպասվում նաև ապագայում:
 
Հ.Գ. Մի՛ վիճեք արձագանքի հետ, միևնույն է վերջին խոսքը նրանն է լինելու:

http://ysu.am/site/index.php?lang=3&page=2&id=13309
Նյութը՝ Անի Հովակիմյանի

ՀՀ Ազգային հերոսներին նվիրված միջոցառում

Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը սիրով հրավիրում է դեկտեմբերի 12-ին ժամը13:00 -ին ներկա գտնվել ՀՀ Ազգային հերոսներին նվիրված միջոցառմանը։ 
Բոլորս չէ, որ գիտենք ու հավուր պատշաճի ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսներին: Այդ իսկ պատճառով մենք նախաձեռնել ենք այս փոքրիկ միջոցառումը, որի նպատակը երիտասարդության շրջանում  ազգաճանաչության բարձրացմանը 
նպաստումն է:
Հավելենք, որ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ ֆակուլտետում բացվել է ՀՀ Ազգային հերոսներին նվիրված անկյուն, իսկ այս միջոցառումը հանդիսանում է նրա տրամաբանական շարունակությունը: 

Մինչ հանդիպում:

https://www.facebook.com/events/451299788260607/?ref=notif&notif_t=plan_user_joined

12.09.2012

"Ոտքի, ժողովրդավարությունն է գալիս"


Հարգելի համալսարանականնե՛ր և ոչ միայն,
Արևելագիտության ֆակուլտետում կկայանա "Ոտքի, ժողովրդավարությունն է գալիս" խորագրով ներկայացում-դատավարություն: Այն տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը` 14:30, ԵՊՀ 7-րդ՝ Սպիտակ շենքի Ե.Չարենցի անվան լսարանում (229): Միջոցառման մանրամասները պահում ենք գաղտնի, սակայն նրա հետաքրքիր ու ինտերակտիվ լինելը երաշխավորում ենք: Մեծ սիրով սպասում ենք բոլորիդ: