Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍԻՆ. Show all posts
Showing posts with label ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍԻՆ. Show all posts

1.09.2011

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍԻՆ


Արևելագիտության դասընթացներ համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: Արևելագիտության առաջին դասախոսը գրականագետ և արևելագետ Գևորգ Ասատուրն էր, ով 1921 թ-ին աշխատանքի է հրավիրվում որպես վրացերենի և Արևելքի գրականության դասախոս: 1923 թ-ին Թավրիզից ԵՊՀ է հրավիրվում տաղանդավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը: Նա դասավանդում է բազմաթիվ առարկաներ, որոնց թվում` պարսկերեն, սանսկրիտ, պարսից լեզվի պատմություն և այլն:

1940 թ-ի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արևելյան բանասիրության ամբիոն: Նույն թվականին բացվում է նաև Արևելյան լեզուների և գրականության բաժինն իր երկու` իրանական և արաբական ճյուղերով:

Որպես առանձին կառույց` Արևելագիտության ֆակուլտետը կազմավորվում է 1968 թ-ին: Ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է պրոֆեսոր Գեորգի Նալբանդյանը:

Նախնական շրջանում ֆակուլտետն ունեցել է մասնագիտական երկու ամբիոն` Արևելյան բանասիրության և Արևելքի պատմության: Ներկայումս Արևելագիտության ֆակուլտետում գործում են Իրանագիտության, Արաբագիտության և Թյուրքագիտության ամբիոնները: Արևելագիտության ներկայիս պահանջներին համապատասխան` ֆակուլտետում ուսումնասիրվում են նաև հնդկերեն, աֆղաներեն, սանսկրիտ, բելուջերեն, քրդերեն և եբրայերեն:

Ներկայումս Արևելագիտության ֆակուլտետում սովորում է շուրջ
 530 ուսանող: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արևելագիտական նշանավոր կենտրոնների հետ և հաջողությամբ զարգացնում է գիտական շփումները Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների և առանձին գիտնականների հետ: Ամրապնդվում է նաև համագործակցությունը Մատենադարանի, Իրանագիտական կովկասյան կենտրոնի, «Իրան-Նամե» արևելագիտական հանդեսի և արևելագիտական այլ կենտրոնների հետ: