Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label մարզական. Show all posts
Showing posts with label մարզական. Show all posts

10.13.2012

ՉԵՄՊԻՈՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Ավարտվեց Մոնթե Մելքոնյանի անունը կրող ֆուտբոլային հուշամրցաշարը:

Հոկտեմբերի 11-ին Կիլիկիա մարզադահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում արդեն ավանդական բնույթ կրող Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որին այս տարի մասնակցում էին Արաբագիտության եւ Թյուրքագիտության բաժինների 4-րդ կուրսը ներկայացնող թիմերը: Ֆուտբոլային հուշամրցաշարը, որը մեկնարկել էր դեռ օրեր առաջ, արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմակերպում է ֆակուլտետային ուսանողական խորհուրդը:

Այս տարի ֆուտբոլային հուշամրցաշարին ավելի շատ թիմեր էին ներկայացված, քան նախորդ երկու տարիներին, քանի որ այս ուսումնական տարում ֆակուլտետում ուսանողների պակաս չի եղել: Ֆուտբոլային այս ինքնատիպ առաջնությունը, որ կազմակերպել էր մեր ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովը` Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, շարժել էր ֆակուլտետի ուսանողության հետաքրքրությունը. պատահական չէ, որ նաեւ երկրպագուներ կային եզրափակիչ խաղի ժամանակ»,- ասաց ֆակուլտետային ՈՒԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արման Գրիգորյանը:

Եզրափակիչ հանդիպումն անցավ Արաբագիտության բաժնի ուսանողների խաղային առավելությամբ, ինչն էլ նպաստեց, որ վերջիններս 3-րդ տարին անընդմեջ նվաճեն Մոնթե Մելքոնյանի անունը կրող փոխանցիկ գավաթը: Թեեւ ինչքան էլ Թյուրքագիտության բաժնի ուսանողները փորձեցին ջանքեր գործադրել խաղադաշտում, այնուամենայնիվ, կարեւոր խաղը փրկել ու ջախջախիչ պարտությունից խուսափել նրանց չհաջողվեց. եզրափակիչն ավարտվեց 18-6 հաշվով` հօգուտ Արաբագիտության բաժնի ուսանողների:

Այս նույն թիմով խաղում ենք ավելի քան 3 տարի եւ արդեն կես բառից հասկանում ենք միմյանց: Իհարկե հաճելի է, որ անընդմեջ լավագույնն ենք դառնում ֆակուլտետում` նորանոր ռեկորդներ գրանցելով. թիմը 17 խաղ անընդմեջ հաղթանակ է տարել»,- ասաց Արաբագիտության բաժնի թիմի խաղացող Ռաֆայել Մամիկոնյանը:

Ֆուտբոլային խաղից հետո չեմպիոններին փոխանցվեց Մոնթե Մելքոնյանի անունը կրող գավաթը, իսկ ավելի ուշ նրանք նաեւ պատվոգրեր կստանան ֆակուլտետային ՈՒԽ-ի եւ ղեկավար անձնակազմի կողմից:

Ֆակուլտետային Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Արաբագիտություն 4-րդ կուրսին եռակի հաղթանակի կապակցությամբ:
Ստորև ներկայացնում ենք եզրափակիչ խաղի ֆոտոշարքը: 
Հ․Գ․ Նկարները մեծացնելու համար սեղմեք դրանց վրա