Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

2.18.2012

Արաբագիտություն ամբիոն

Արաբագիտություն ամբիոն
Արևելագիտության դասընթացները համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: Արևելագիտության առաջին դասախոսը գրականագետ և արևելագետ Գեւորգ Ասատուրն էր, ով 1921 թվականին աշխատանքի է հրավիրվում որպես վրացերենի և Արևելքի գրականության դասախոս:

1940 թվականի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արևելյան բանասիրության ամբիոն: Նույն թվականին բացվում է նաև Արևելյան լեզուների և գրականության բաժինն իր երկու` իրանական և արաբական ճյուղերով:

Ձևականորեն Արաբագիտության ամբիոնի՝ որպես ԵՊՀ գիտաուսումնական ինքնուրույն ստորաբաժանման պատմությունն սկսվում է 1991 թվականից, երբ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ Արաբական և թուրքական բանասիրության և Արևելքի երկրների պատմության ամբիոնների վերակազմավորման արդյունքում ստեղծվեց Արաբագիտության ամբիոն: Սակայն արաբագիտության արմատները համալսարանում ձգվում են դեպի ավելի վաղ ժամանակներ:

Արաբերենը դասավանդվել է Երևանի համալսարանում նրա հիմնադրման առաջին օրերից, 40-ական թվականներին բանասիրական ֆակուլտետի կազմում ձևավորվել է արևելյան լեզուների ամբիոն, իսկ 1968 թվականից, երբ հիմնվեց արևելագիտության ֆակուլտետը, այդ ամբիոնը բաժանվեց իրանական բանասիրության և արաբական ու թուրքական բանասիրության երկու ամբիոնի:

Արաբագիտության բնագավառում ակադեմիական ավանդույթների առաջացումը, մասնագիտական կադրային բազայի ձևավորումն ու զարգացումը համալսարանում անվերապահորեն կապված են արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչ, 1977-1993 թթ. արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆ. Մերի Քոչարի անվան հետ: Այժմ Արաբագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատարը բ. գ. թ. Սոնա Տոնիկյանն է:

Այժմ ամբիոնի գիտակրթական գործունեության ոլորտը ներառում է արաբագիտության բոլոր հիմնական ուղղությունները` լեզվաբանությունը, միջնադարյան արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտությունը, նոր և նորագույն ժամանակների արաբական գրականությունը, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրությունը, ինչպես նաև եբրայագիտությունը։

Ամբիոնի շրջանավարտներն աշխատում են գիտահետազոտական, մանկավարժական, դիվանագիտական, հասարակական-քաղաքական գործունեության ասպարեզներում, պետական կառավարման մարմիններում, միջազգային կազմակերպություններում։
Դասախոս
Դասախոս
Դասախոս

0 արձագանք:

Post a Comment