Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

3.24.2013

Վարդան Ոսկանյան. «Աղջիկները մեր ֆակուլտետում ավելի ակտիվ են»


Այս անգամ մեր հյուրը Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանն է: Նա անկեղծորեն անդրադարձել է մի շարք հետաքրքիր երևույթների:
- Պարո՛ն Ոսկանյան, ինչպիսի՞ն էին Ձեր ժամանակվա ուսանողները: Այժմ ինչպիսի՞ն են մերօրյա ուսանողները: Արդյո՞ք շատ են տարբերություններն այն ժամանակվա և մերօրյա ուսանողների միջև: Այդ տարբերությունները դեպի դրականն են գնում, թե՞ բացասականը:
- Ասեմ, որ փոփոխությունները դեպի դրական են գնում: Ժամանակին մեր ֆակուլտետում ուսանողների քանակը շատ փոքրաթիվ էր: Իմ ուսանողության տարիներին ամբողջ կուրսը՝ և՛ արաբագիտությունը, և՛ իրանագիտությունը, և՛ թյուրքագիտությունը, 20-25 հոգուց ավելի չէր լինում: Կար նաև այսպիսի մի հետաքրքիր հանգամանք. որպես կանոն նրանք այն ժամանակվա «էլիտայի» զավակներ էին (չնայած բացառություններ միշտ կային): Հասարակ մարդիկ շատ հազվադեպ էին  պատահում. ֆակուլտետը հիմնվում էր «էլիտայի» զավակների վրա: Այժմ ես նայում եմ, տեսնում՝ ավելի ազատական է մթնոլորտը մեր ֆակուլտետում: Չէր էլ կարող այդպես չլինել. առաջընթացը միշտ պետք է լինի, այսինքն՝ հաջորդ սերունդը պետք է առնվազն իր նախորդ սերնդին գերազանցի: Հակառակ դեպքում եթե հետընթաց նկատենք, շատ վատ կլինի: Իմիջայլոց, մի բան ասեմ, որ աղջիկները մեր ֆակուլտետում ավելի ակտիվ են, քան տղաները: Միակ բացասականն այն է, որ տղաների ակտիվությունը նվազել է, բայց դա փոխհատուցվել կամ փոխլրացվել է աղջիկների ակտիվության աճով: Ընդհանուր առմամբ չեմ կարող գնահատել դրական է, թե բացասական այդ ամբողջ գործընթացը:
- Ինչպիսի՞ն պետք է լավ լինի ուսանողը Ձեզ համար: Արդյո՞ք ունեք ինչ-որ չափորոշիչներ, որոնցով էլ կողմնորոշվում եք, թե որն է լավ ուսանողը:
- Դրա վերաբերյալ խիստ սուբյետիվ կարող է լինել իմ կարծիքը: Ուսանողը նախևառաջ պետք է սիրի իր մասնագիտությունը: Այնտեղ, որտեղ նա սովորում է, մասնագիտական առարկաները պետք է լինեն սրբության սրբոցը: Կան պարտադիր առարկաներ, որոնք ուսանողներն ամեն տեղ անցնում են. նա կարող է սիրել կամ չսիրել այն, բայց ահա բուն արևելագիտական բլոկի առարկաները պետք է սիրվեն: Իմ համեստ կարծիքով՝ մեր մասնագիտությունն պետք է ինչ-որ առումով ապագա արևելագետի համար լինի հոբբի: Այսինքն՝ նա արևելագիտությամբ զբաղվի ոչ միայն որպես մասնագետ, այլև սիրի իր մանագիտությունը և հաճույք ստանա նրանից: Հասկանում եմ, իհարկե, որ զուգահեռ կարող ենք ունենալ այլ հոբբիներ, բայց շատ ավելի հետաքրքիր է ստացվում, երբ արևելագետն իր մասնագիտությունը նույնացնում է իր սիրած զբաղմունքի հետ: Սա առաջին չափորոշիչն է: Երկրորդ կարևոր չափորոշիչն այն է, որ ուսանողը պետք է ունենա մարդկային նորմալ հատկանիշներ: Ոչ մի դեպքում մարդկային հատկանիշները մասնագիտականին չեն փոխարինում և հակառակը նույնպես չի լինում: Այսինքն՝ չի կարելի լինել վատ մասնագետ, բայց լավ մարդ, և վատ մարդ, բայց լավ մասնագետ: Այդպես երկուսն էլ թերի են ստացվում: Օպտիմալ տարբերակը իմ ասածն է: Անշուշտ, մարդիկ տարբեր են. մեկի համար կարող է լինել լավ մարդ, մյուսի համար՝ ոչ: Ընդհանուր առմամբ դա է: Ես ցավով եմ նշում, սակայն ուսանողները դասախոսներին չեն անհանգստացնում  մասնագիտական հարցերով. ուսանողին դասախոսությունից հետո կարող ես հարցնել՝ հարցեր կան, և ոչ մի հարց չհնչի նրանց կողմից:
- Եթե ուսանողը կուրսային աշխատանք է գրում և անընդհատ անհանգստացնում է, Դուք դրան ինչպե՞ս կվերաբերվեք:
- Դրանից չեմ նեղվի, ավելի շատ կոգևորվեմ, բայց անհանգստացնելու էտապներ կան: Օրինակ՝ մարդիկ կան երեկոյան 6-ին էլ կարող են ինձ անհանգստացնել, բայց ասեմ՝ 7-ին չեմ սիրում, որ ինձ անհանգստացնում են, նամանավանդ, առավոտյան 7-ին: Բայց տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է երեկոյան 7-ին, որովհետև մարդը պետք է նաև որոշակի ժամանակ հատկացնի իր ընտանիքին կամ պարզապես իրեն: Օրինակ՝ ես կիրակի օրը, եթե ինչ-որ արտառոց դեպքեր չեն լինում, նախընտրում եմ չաշխատել: Սա ոչ թե ինչ-որ դավանաբանական առումով կամ հավատալիքային, ծիսական առումով եմ անում, այլ ուղղակի մի օր գոնե մարդ պետք է հանգստանա:
- Պարո՛ն Ոսկանյան, ինչպիսի՞ն եք եղել ուսանողության տարիներին: Ինչո՞վ եք աչքի ընկել Ձեր հասակակիցներից: Կհիշե՞ք ինչ-որ հետաքրքիր դեպքեր:
- Ընդհանրապես չեմ սիրում առանձնապես աչքի ընկնել: Ես սիրում եմ իմ գործը լավ անել, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գլխառադ չանել»: Ուսանողության տարիներին ոչնչով աչքի չեմ ընկել, անկեղծ ասեմ:
- Անձա՞մբ եք ընտրել Ձեր մասնագիտությունը:
- Մասնագիտությունս ինչ-որ առումով ընտրել եմ պատահաբար: Պատմություն էի սիրում և պատմաբան էի ուզում դառնալ, հետո մտածեցի՝ ինչու չդառնալ արևելքի երկրների պատմաբան: Բուհ ընդունվել եմ բավականին դժվար պայմաններում: Ես վերջինն եմ եղել Իրանագիտության ամբիոն ընդունվողների մեջ, միավորներս հազիվ բավարարեց, որ անցնեմ: Հետո արդեն սիրել եմ մասնագիտությունս, և առանց դույզն-ինչ համեստության կարող եմ ասել, որ իմ մասնագիտությանը տիրապետում եմ շատ լավ:
- Ինչպիսի՞ն էին Ձեր դասախոսները: Այժմ ինչպիսի՞ն են նրանք: Դասավանդման որակի և ձևի հետ կապված ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել:
- Հիմա, անշուշտ, դասավանդման որակը բարձրացել է, նաև փոխվել է մոտեցումը: Նախկինում կանոնակարգված էին դասախոս-ուսանող հարաբերությունները: Ինչ-որ առումով դա լավ էր, ինչ-որ առումով՝ վատ: Արդի դասախոս-ուսանող հարաբերությունն ինձ ավելի հոգեհարազատ է: Անշուշտ, դա չի նշանակում, որ դասախոսին պետք է անունով դիմեն ինչպես ամերիկացիները: Հիմա լավ է այն, որ ուսանողները շատ են ինքնուրույն  աշխատում և շատ կախված չեն լսարանային դասախոսությունից: Մեր ժամանակ ավելի շատ էր կախումը, հիմա ինֆորմացիոն  դարաշրջանը թույլ է տալիս դասախոսությունից շատ չկառչել, գրականություն գտնել և ինքնուրույն կարդալ: Մեր ժամանակ գրականության խնդիրը բավականին բարդ էր. մինչև գրադարանից գիրք էինք վերցնում, հոգիներս դուրս էր գալիս: Իսկ հիմա առաջընթաց կա այդ առումով:
- Ձեզ համար ուսանողների ո՞ր տեսակն է ավելի ընդունելի՝ նա, ով զբաղվում է միայն գիտությամբ ու իր դասերով, թե՞ նա, ով զբաղվում է հասարակական ակտիվությամբ: Իսկ գո՞ւցե նա, ով կարողանում է համատեղել երկուսը միաժամանակ:
- Երկուսն էլ լավ է, բայց եթե ավելի անկեղծ լինեմ, հասարակական ակտիվություն ունեցող ուսանողն ինձ ավելի քիչ է հոգեհարազատ, քան այն ուսանողը, որը զբաղվում է իր բուն գործով: Գիտեք՝ ես երբեք չեմ ուզենա հասարակական ակտիվիստ կին ունենալ, միգուցե ինձ հետադիմական կամ էգոիստ կհամարեք, բայց ես ուզում եմ, որ իմ կինը լինի տան տիկին, երեխաներով զբաղվի: Իհարկե, դա չի նշանակում, որ բացառապես խոհանոցից դուրս չգա, բայց տարբեր մարդկանց մոտեցումները տարբեր են: Մարդ էլ կա ուզում է՝ իր կինը պատգամավոր լինի: Իհարկե, ֆեմինիստական հովերով տարված կանանց իմ ասածը դուր չի գա և ոչ պոպուլյար կդիտարկվի, բայց ես այդպես եմ կարծում: Իմ մեղքն էլ թող դա լինի:
- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
- Ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ և շատ ցավում եմ, որ ավելի շատ չունեմ: Աղջիկ և տղա ունեմ: Դուստրս 12 տարեկան է, որդիս էլ առաջիկայում 5 տարեկան կլինի: Ծնողներիս հետ եմ ապրում և հպարտ եմ դրա համար: Ընդհանրապես հայկական ավանդական ընտանիքի կողմնակիցն եմ. փոքր տղան պետք է մնա ծնողների մոտ: Իհարկե, հաշվի առնելով արդի զարգացումները՝ փոխվում են երևույթները, երևի դա ճիշտ է: Չնայած չգիտես էլ՝ ճիշտը որն է, սխալը՝ որը:
- Ի՞նչ է Ձեզ համար արևելագիտությունը:
- Չեմ սիրում այսպես ասած թևավոր խոսքերը: Արևելագիտությունը, եթե կարելի է ասել, իմ համար հոբբի է, մասնագիտություն-հոբբի: Կյանք չէ. եթե արևելագիտությունը չլիներ, ինքնասպանություն չեմ գործի: Շատ կարևոր բան է, բայց կյանքիս չի հասնի: Ընդհանրապես կյանքը կարելի է համեմատել ընտանիքի, հայրենիքի հետ. եթե ասեն, որ զոհվեց արևելագիտության զարգացման համար, ես հաստատ չեմ հասկանա:
- Դուք է՞լ եք կարծում, որ արևելագիտությունը շատ ունիվերսալ մասնագիտություն է:
- Արևելագիտությունն ընդհանրապես մի քանի գիտաճյուղերի միասնություն է, կարելի է ասել՝ կոմպլեքս է: Լավ արևելագետ ես համարում եմ այն մարդուն, ով կարող է իսլամի վերաբերյալ ցանկացած խնդիր ծածկել, անկախ նրանից, որ Ղուրանն արաբերեն է: «Ես արաբերեն չեմ կարդում» փաստարկը չի ընդունվում: Երկրորդը պետք է նա ծածկի ցանկացած արևելյան ժողովրդի, որն ընդգրկված է իր հետաքրքրության շրջանում: Չի ընդունվում՝ «ես արաբների մասնագետ եմ, Իրանը չեմ ճանաչում, չգիտեմ՝ Իրանի Խորասան նահանգը որտեղ է»: Ըստ իս, դու պետք է ունենաս պատրաստություն, որը մեկ ամիս հետո կարողանաս արաբագիտությունից մտնես իրանագիտության ոլորտ, կամ իրանագիտությունից մտնես թյուրքագիտության մեջ: Ըստ որում՝ պարտադիր չի «բլբուլի պես խոսել» բոլոր լեզուներով: Դու պետք է ունենաս ընդհանուր հայեցակարգը, որ երկու ամսում կարողանաս մտնել թուրքերենի ամբողջ քերականական համակարգի, բառապաշարային ֆոնդի մեջ կամ Կենտրոնական Անատոլիայի յուրուքների խնդրով զբաղվես, արաբական բեդվիններով: Համակարգն ընդհանուր առմամբ նույնն է, իհարկե գիտաճյուղը բազմաթիվ ճյուղեր ունի. դու չես կարող բոլոր ճյուղերում լինել լավագույն մասնագետը, դու պետք է կարողանաս քո ցանկության դեպքում դառնալ որևէ ճյուղում այդպիսինը: Այսինքն՝ դու պետք է ունենաս այդ բազան և այն օգտագործես բոլոր ուղղություններով:
- Ասեցիք հայրենասիրություն: Նկատե՞լ եք, որ ամենաշատը մեր ֆակուլտետի ուսանողներն են աչքի ընկնում հայրենասիրությամբ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Մի բան ասեմ՝ մերոնք ճանաչում են տարբեր ժողովուրդների: Ասեմ նաև, որ հայրենասիրության տարբեր դրսևորումներ կան: Հայրենասիրությունը չպետք է արտահայտվի ուրիշի մերժմամբ: Այսինքն՝ պարտադիր չէ մերժել ինչ-որ մի ժողովրդի կամ ինչ-որ մի երևույթ, մի տարածք, որպեսզի դու սիրես մեկ այլ ժողովրդի, մեկ այլ տարածք, մեկ այլ երևույթ: Ցավոք սրտի, մեզ մոտ ավելի հաճախ այդպես է, թյուրքատյացությունը ավտոմատ կերպով հայրենասիրություն է որակվում: Հայրենասիրությունն ամենևին թյուրքատյացությունը չէ, հայրենասիրության առաջին պայմանը, ըստ իս, շատ բանալ ու առօրեական է՝ անել այն գործը լավ, որը դու կարող ես, և անել այդ գործը հայրենիքում: Այսինքն՝ պետք չէ սիրել քո նախատատիկին, ով Մուշում էր ապրում, այլ սիրիր քո մորը, ով քո կողքին է ապրում հենց այս պահին: Հայրենասիրությունը պետք է դուրս բերվի կենացային ժանրից. կենացով չի հայրենասիրությունը վճռվում և ամպագորգոռ խոսքով չի որոշվում, նայե՛ք մարդկանց գործերին:
- Ո՞րն է Ձեր սիրած գեղարվեստական գիրքը: Ո՞ր գրողի գործերն եք հավանում:
- Եթե հայ գրողներից ասեմ, ապա Րաֆֆին է իմ ամենասիրած արձակագիրը, իսկ համաշխարհային գրողներից, երևի թե Տոլստոյը: Հատուկ սիրած գիրք չունեմ, բայց Րաֆֆիի «Խենթը» հաճույքով վերընթերցում եմ, նաև Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» եմ սիրում:
- Ո՞վ է Ձեր սիրած գիտնականը, արևելագետը համաշխարհային գիտության մեջ:
- Արևելագետներից կառանձնացնեմ Կարլ Ֆրանցիսկուս Անդրեասին: Նա հայկական ծագմամբ գերմանացի արևելագետ է, իսկ այլ գիտաճյուղերից առանձնապես տեղյակ չեմ: Եթե նայենք հայագիտության ոլորտին, ապա Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, մեր ժամանակակիցը՝ Գևորգ Ջահուկյան:
- Ո՞ր արևելյան երկրներում եք եղել, և ո՞ր երկիրն է, որ ամենաշատն է ձգում Ձեզ:
- Արաբական որևէ երկրում չեմ եղել, ցավոք, բայց եղել եմ Թուրքիայում, Իրանում, Թուրքմենստանում: Իհարկե, ամենաշատն ինձ ձգում է Իրանը: Թուրքիան էլ է ձգում, հատկապես Արևմտյան Հայաստանի տարածքները: Ընդհանրապես սիրում եմ այն երկրները գնալ, որոնք ունեն ցամաքային սահման Հայաստանի հետ, այսինքն՝ ցամաքով կարող ես հասնել այդ վայրը:
- Ինչպիսի՞ երաժշտություն եք սիրում:
- Սիրում եմ բազմազան երաժշտություն: Կոնկրետ ոճ չեմ նշի, կարող եմ ռաբիս էլ լսել՝ այն էլ կախված տրամադրությունից: Եթե մեքենայով ընկերներիս հետ գնում ենք Գորիս մատաղ ուտելու, հաճույքով ռաբիս կլսեմ: Առանձին կարող եմ լսել ռոք, դասական: Ջազ չեմ լսում միանշանակ, իսկ դասական երաժշտություն լսում եմ ըստ տրամադրության:
- Ո՞ր խոհանոցն եք ավելի շատ սիրում, և ինչ-որ կոնկրետ ուտեստ կա՞, որ շատ եք սիրում:
- Արաբականը լավն է, չինականը՝ ոչ այնքան: Թփով տոլմա եմ շատ սիրում: Անընդհատ վեճեր են ծավալվում, թե տոլման հայկական է, ադրբեջանական, թե՞ թուրքական: Իմ կարծիքն այն է, որ խոհանոցը վեհ ժանրի մշակույթ է. շատ դժվար է տարբերակել: Ադրբեջանցիներն էլ են պատրաստում: Ես չեմ փորձել, բայց ասում են՝ համով է: Մերոնք էլ են բավականին համեղ պատրաստում, թուրքերն էլ, հույներն էլ նույնպես: Դա տարածաշրջանային երևույթ է: Չես կարող որոշարկել՝ որ մի ազգի կամ ցեղի ներկայացուցիչն է փաթաթել այդ միսը և եփել: Ինքը «դոլմա» բառը թուրքական բառ է և նշանակում է լցոնել, բայց շատ ուտեստեների անուններ թուրքական են, որովհետև խոհանոցը պահանջում է պալատի առկայություն, եթե պալատ չկա, խոհանոցը չի զարգանում: Ինչո՞ւ է օրինակ ֆրանսիական խոսհանոցը զարգանում. որովհետև պալատական ավանդույթ ունեցող երկիր է: Պալատում ուտելիքը պետք է ծառայի ոչ միայն զուտ ուտեստ, այլ նաև որպես էսթետիկական միավոր հանդես գա: Մեր մոտ, ցավոք, որպես կանոն խաները, սուլթանները թուրքեր են եղել, ասենք՝ բաստուրամա անունը թուրքական է, բայց ամենալավ բաստուրմա սարքողները հայերն են եղել: Եվ խոհանոցը արեալային երևույթ է, ինչ-որ տեղ նաև «գռեհիկ» մշակույթ: 


Անի Հովակիմյան
Դիանա Եղիազարյան

3.17.2013

Գառնիկ Ասատրյան. «Ուղղամիտ մարդուն ես սիրում եմ»


ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանին շատ ուսանողներ գիտեն որպես ազնիվ ու նվիրյալ գիտնականի, սակայն քչերին է ծանոթ, թե ինչպիսին է Գառնիկ Ասատրյան մարդը, ինչպիսի ուղի է անցել մինչև Մայր բուհի Իրանագիտության ամբիոնի վարիչ դառնալը: Այս անգամ մեզ հետ զրուցել  ու անկեղծացել է հենց ինքը՝ Գառնիկ Ասատրյանը:
- Ինչպիսի՞ն էր ուսանողն այն ժամանակ, երբ Դուք էիք դեռ ուսանող: Այժմ ուսանողներն ի՞նչ տեսակի են: Ներկա տարբերությունները դրական, թե՞ բացասական եք գնահատում:
- Դրանք տարբեր ժամանակներ էին: Իմ ժամանակվա ուսանողը մի քիչ այլ գաղափարախոսական հենքի վրա էր ձևավորված: Այդ ուսանողներն այլ ժամանակի ծնունդն էին: Բնականաբար, գաղափարախոսությունները տարնբեր են այստեղ, բայց ընդհանուր առմամբ նույնն է ուսանողության բնույթը, էությունը: Զգալի տարբերություն առանձնապես ես չեմ նկատում:
- Այսինքն, չկա՞ տարբերություն ժամանակակից ուսանողների և Ձեր ժամանակների ուսանողության միջև, որը Դուք դրական կամ բացասական եք գնահատում:
- Այսօրվա ուսանողների մեջ բացասականը թերևս այն է, որ չափից դուրս նյութական են, իսկ մեր ժամանակ այդպես չէր: Դա էլ հավանաբար ժամանակի հրամայականն է:
- Դասախոսների մասին ի՞նչ կասեք: Ձեր ժամանակների դասախոսների դասավանդման ոճը ինչպիսի՞ն էր: Մերօրյա դասախոսների դասավանդման ոճի համեմատ ի՞նչն էր ուրիշ:
- Ոճը, ցավոք սրտի, համարյա նույնն է մնացել, տարբերություն չկա: Բացի իհարկե որակից, այն էլ որոշ չափով, մնացածը նույնն է: Որակը որոշ չափով փոխվել է, որովհետև նոր ժամանակներ են այսօր: Բնականաբար, գիտության նոր ձեռքբերումներ են տեղի ունեցել, նոր հեռանկարներ են բացվել: Այդ իմաստով որակի առումով մի քիչ փոխվել է դասախոսության ընդհանուր ձևաչափը, բայց նույնն է դասավանդման ոճը, ամեն ինչը նույնն է:
- Պարո՛ն Ասատրյան, ինչպիսի՞ ուսանող եք եղել: Ինչո՞վ եք տարբերվել Ձեր հասակակիցներից: Կպատմե՞ք այդ մասին:
- Ես այն մարդկանցից եմ, որ հենց փոքր հասակից էլ այն բնագավառին եմ նվիրված եղել, որով այժմ զբաղվում եմ, այսինքն՝ ես այն ժամանակ ունեի հստակ տեսլական՝ ինչով պիտի զբաղվեմ, և ըստ այդ տեսլականի գծագրած ուղով էլ գնում էի: Եվ սովորում էի, և գրականություն էի կարդում, և կապեր ունեի Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի այդ ժամանակվա տարբեր գիտնականների հետ: Այդ ամենը դեռևս  ուսանող եղած ժամանակ էր: Այսինքն՝ ես չէի սահմանափակվել Երևանի պետական համալսարանով, այլ դուրս էի եկել: Բայց միևնուն ժամանակ ուսանողական կյանքով էի զբաղվում, ուրախ ու ակտիվ կյանք էի վարում:
- Ներկայիս ուսանողը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի, որ Դուք համարեք իրեն լավ ուսանող, այսինքն՝ Ձեզ համար լավ ուսանողն ո՞վ է:
- Լավ ուսանողը նա է, ով լավ սովորում է, ունի հեռանկար, տեսլական, հստակ պատկերացնում է իր ապագան, գիտի՝ ինչ բնագավառով է զբաղվում, սիրում է իր գործը և նվիրված է գործին: Սա ամենակարևոր բանն է: Եվ, իհարկե, ընդունակ մարդ է: Այդ ուսանողը արդեն իսկ լավ ուսանող է:
- Դա ընդհանրապես: Եթե խոսենք զուտ մեր ֆակուլտետի ուսանողի մասին, օրինակ՝ արևելագետ ուսանողը Ձեզ համար ինչպիսի՞ն պետք է լինի, ինչպիսի՞ հատկանիշներ պիտի ունենա, որ համարեք լավ արևելագետ ուսանող:
- Լավ ուսանողը բացի այն, որ լավ պիտի սովորի, իմանա՝ ինչ է անում, նաև պետք է ունենա հետաքրքրություն և որոշ չափով ազգային լիցք կրի, հիմնարար հայացքներ ունենա դեպի հայրենիքը, դա կարևոր է, այսինքն՝ ֆունդամենտալ մոտեցում ունենա դեպի հայրենիքը: Այդ իմաստով մեր ֆակուլտետի ուսանողը պետք է տարբերվի որոշ չափով:
- Ձեզ համար ավելի նախընտրելի է ինչպիսի՞ ուսանողներ ունենալ՝ նրանց, ովքեր զբաղվում են միայն գիտությամբ, միայն հասարակական գործունեությամբ, թե՞ ովքեր կարողանում են համատեղել հասարակական գործունեությունը և կրթությունը:
- Գիտեք՝ ամեն մարդ չի կարող գիտությամբ զբաղվել, այսինքն՝ բոլորի գիտությամբ զբաղվելը ճիշտ չէ և սխալ է: Ուսանողների մի փոքր մասն է զբաղվելու գիտությամբ: Այն ուսանողն է լավը, ով նախ լավ սովորում է, անկախ այն բանից, թե կզբաղվի գիտությամբ կամ չի զբաղվի, հստակ պատկերացնում է՝ ինչ է անում և որոնք են իր նպատակները, ակտիվորեն մասնակցում է հասարակական-քաղաքական կյանքին, եթե, իհարկե, կենսախինդ մարդ է: Կարծում եմ՝ դա լավ է: Այդպիսի ուսանողը լավն է:
- Խոսենք մի փոքր Ձեր ընտանիքի մասին: Կպատմե՞ք, կներկայացնե՞ք, թե ինչպիսին է այն:
- Ես ամուսնացած եմ, 3 երեխա ունեմ` 2 տղա և մեկ դուստր: Դուստրս հիմա 8-րդ դասարան է: Նա շատ է սիրում ֆիզիկան, ուզում է ֆիզիկոս դառնալ: Մեծ տղայիս անունը Մուշեղ է: Լոնդոնում է հիմա աշխատում, զբաղվում է արաբագիտությամբ, Ղուրանի ուսումնասիրությամբ: Ավարտել է համալսարանը, պաշտպանել է և կոչում ունի: Մյուս որդիս Սարգիսն է, որին գիտեք: Նա զբաղվում է ադրբեջաներենի ուսումնասիրությամբ, թուրքագիտությամբ: Ունեմ թոներ Մուշեղը 2 երեխա ունի՝ մեկ աղջիկ, մեկ տղա: Փոքր երեխաներ են:
- Ձեր ծնողների մասին էլ կպատմե՞ք: Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել:
- Իմ պապերը եկել են Խնուսի շրջանից, Ակ գավառից: Շատ հետաքրքիր է, որ մեր ընտանիքը իր գրավոր պատմությունն ունի (մոտավորապես 400 տարվա): Մենք ունենք մեր ավետարանը, որտեղ գրված է մեկ առ մեկ, թե ով ծնվեց: Մինչև հայրս հասնում է, և շատ հետաքրքիր է՝ հենց Խնուսից գնացել են Բլուր գյուղ, տարել են իրենց հետ այն Պարսկաստան, հետո այնտեղ գյուղ են հիմնադրել: Ավելի ուշ մենք եկել ենք այնտեղից Հայաստան: Ես փոքր եմ եղել, երբ եկել ենք՝ 12-13 տարեկան, հետո Լենինականում եմ սովորել: Լենինականի N28 դպրոցն եմ ավարտել, հետո ընդունվել եմ Մայր բուհ Քրդագիտության բաժին: Մի ժամանակ կար Քրդագիտության բաժին: Ավարտելուց հետո ընդունվել եմ Լենինգրադի ակադեմիայի ասպիրանտուրան: 5 տարի այնտեղ եմ սովորել, պաշտպանել եմ թեկնածուականը, հետո 1990 թ-ին պաշտպանել եմ դոկտորականը՝ դեռևս Խորհրդային միության ժամանակ, և հիմա աշխատում եմ այստեղ:
- Ի՞նչ է Ձեզ համար արևելագիտությունը:
- Ինձ համար արևելագիտությունը իմ կյանքն է: Ես արևելագիտությունը սիրում եմ: Արևելագիտությունը Արևելքի մասին հստակ աշխարհայացք է, բացի գիտությունից: Աշխարհայացքային կատեգորիա է արևելագիտությունը ինձ համար, ոչ թե միայն բնագավառ:
- Ի՞նչ գեղարվեստական գրքեր եք կարդում: Ունե՞ք սիրած գիրք, բացի մասնագիտական գրքերից, իհարկե:
- Ես ռուս գրողներից Տոլստոյին եմ շատ սիրում, հայ գրողներից սիրում եմ Րաֆֆիին, պոետներից սիրում եմ Թումանյանին և Չարենցին:
- Կոնկրետ սիրած գիրք ունե՞ք:
- Հայկական գրքերից Րաֆֆիի «Կայծեր» վեպն է, համաշխարհային գրականությունից Մարկեսի «100 տարվա մենություն»-ը, իսկ ռուսական գրականությունից Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը:
- Ո՞վ է այն գիտնականը, որին Դուք առաջին տեղում եք դասում:
- Ես շատ եմ սիրում գերմանացի գիտնական Վիլհելմ Այլևսին: Նա արևելագետ է: Սիրում եմ մի քանիսին ևս` Մեյերին, Բարտոլոմեյին, Հյուբշմանին: Ամենից շատ սիրում եմ Այլևսին:
- Քանի՞ արևելյան երկրում եք եղել, և կա՞ մի այնպիսի երկիր, որը Ձեզ համար ամենաձգող երկիրն է:
- Ինձ համար ամենաձգող երկիրը Հայաստանն է: Եղել եմ բոլոր երկրներում, բացի Հարավարևելյան Ասիայից:
- Ինչ-որ մի խոհանոց կա՞ Ձեզ համար, որը կառանձնացնեք:
- Ես սիրում եմ հնդկական խոհանոցը, քանի որ շատ լավն է, կծու խոհանոց է: Վրացականը վատը չէ: Իրանական, արաբական խոհանոցը շատ լավն են, թուրքական խոհանոցը ևս շատ լավն է: Բոլոր երկրների խոհանոցները, բացի հայկականից, սիրում եմ:
- Ամենասիրելի ճաշատեսակը....
- Ես ամենից շատ սիրում եմ փլավ, բրնձով փլավ, հասարակ բրինձ:
- Ի՞նչ երաժշտություն եք լսում:
- Դասական երաժշտությունից սիրում եմ Մոցարտ, որը մատչելի դասական երաժշտություն է, Շոպենի որոշ գործեր, որոնք ինձ ընկալելի են, բայց սիրում եմ նաև էթնիկ երաժշտություն: Հայկական ժողովրդական երգեր եմ սիրում: Սայաթ-Նովային եմ սիրում, Ջիվանուն եմ սիրում: Ռաբիզից զզվում եմ: Բայց ասեմ՝ լավ պարում եմ ռաբիզի տակ:Ռաբիզ ասելով՝ նկատի ունեմ Թաթայի երգերը:
- Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողությանը:
- Թող լավ սովորեն, իրար սիրեն, հեռու լինեն նախանձից: Ամենավատ բանը նախանձն է: Ես իմ մարդկային բնավորության մեջ ամենից շատ գնահատում եմ նախանձի բացակայությունը: Մարդը պիտի նախանձ չլինի, մարդը պիտի ճշմարիտ լինի, ընկերասեր լինի, երբեք չդավաճանի ընկերոջը, ուղղամիտ լինի, որը շատ կարևոր է: Ուղղամտությունը հարկավոր է. ինչ մտածում ես, պետք է ասես, չթաքցնես: Ուղղամիտ մարդուն ես սիրում եմ:
- Ձեր ընկերական շրջապատում միայն գիտնականնե՞ր են: Ունե՞ք այնպիսի ընկերներ, որոնք ընդհանրապես կապ չունեն արևելագիտության հետ, գիտության մարդիկ չեն:
- Ճակատագրի բերումով ընկերներ, որոնք հեռու են իմ բնագավառից, չունեմ: Ցավոք սրտի, որովհետև Լենինականի դասընկերներս չգիտեմ՝ ուր են գնացել, ինչ են արել: Բնականաբար, իմ ընկերները միայն այս շրջապատից են:

Աննա Կարապետյան
Դիանա Եղիազարյան