Դեկտեմբերի 1-ին Մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ-ն կազմակերպել էր այց Օշական՝ այնտեղ հանձնելու առաջին կուրսի ուսանողների ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Հարկ է նշել, որ նման այցը ֆակուլտետում արդեն դարձել է ավանդույթ. ամեն տարի ֆակուլտետի առաջին կուրսեցիները իրենց ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները ստանում են Օշականում՝ մեր դպրության ու գիտության նախահոր՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրում և հանգրվանում:Այս տարի այցին մասնակցում էին մոտավորապես 100-ից ավել ուսանողներ, որից մոտավորապես 80-ը՝ առաջին կուրսեցիներ: Ուսանողներին էին միացել նաև ֆակուլտետի սիրելի դասախոսները՝ դեկանի տեղակալներ Ռուբեն Մելքոնյան ու Վարդան Ոսկանյանը, արաբագիտության բաժնի դասախոսներ Արայիկ Հարությունյանը, Ալվինա Հովհաննիսյանը և Սյուզաննա Գյոզալյանը:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:Ուսանողներին իր լավագույն բարեմաղթանքներն ուղղեց Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Արման Գրիգորյանը:Ավելի ուշ եկեղեցում ուսանողները ստացան Սուրբ Հոր օրհնությունը, ով իր հերթին կարևորեց մեր օրերում գիտելիքի դերն ու ներուժը՝ ամենից վեր դասելով ազգային և հոգևոր գիտելիքի իմացությունը:Այնուհետև դասախոսներն ուսանողներին հանձնեցին իրենց ստուգման գրքույկները՝ հորդորելով լավ սովորել և հույս հայտնելով գրքույկներում տեսնել միայն բարձր միավորներ:
Կազմակերպվեցին նաև տարբեր խաղեր, որոնք օգնում էին լավագույնս ճանաչել միմյանց և ամրապնդել հաստատված ընկերական հարաբերությունները, ինչպես նաև թույլ տվեցին բացահայտել ֆակուլտետի նոր տաղանդներին (ի դեպ, նրանք շատ էին, ինչը շատ ոգևորիչ հանգամանք է):Հատկանշական է, որ առաջին կուրսեցիներն արդեն ներգրավվել են համալսարանականի ուսանողական կյանքին ու ֆակուլտետի ուսանողների ծավալած աշխատանքներին և հանդես են գալիս նաև սեփական նախաձեռնություններով:Վերադարձի ճանապարհին ուսանողների բարձր տրամադրությունը, բարի ժպիտները ու խոսքերը թույլ տվեցին միջոցառումը համարել կայացած ու հաջողված:
Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ-ն ևս մեկ անգամ շնորհավորում է առաջին կուրսեցիներին`մաղթելով բեղմնավոր ուսանողական տարիներ, գիտելիքների անսահման շտեմարան ու բարձր միավորներով լցված ուսանողական գրքույկներ:
Նյութը՝ Սոնա Մակասյանի
0 արձագանք:
Post a Comment