Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

11.11.2012

Ապագա հռետորներն արեցին իրենց առաջին քայլը



Արևելագիտության ֆակուլտետում օրերս մեկնարկեց ԵՊՀ պատմության մեջ դեռևս չլսված Հռետորիկայի առաջնություն: Ֆակուլտետի յուրաքանչյուր կուրս առաջնությանը ներկայացրեց խոսքի արվեստին լավագույնս տիրապետող մեկ ներկայացուցիչ, ով ամբիոնից մեծաթիվ լսարանի առաջ 10 րոպե ելույթ ունեցավ` փորձելով հնարավորինս մեծ ազդեցություն գործել ինչպես լսարանի, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմից բաղկացած ժյուրիի վրա:Ուսանողները ելույթ ունեցան «Եթե դառնամ ՀՀ նախագահ» թեմայով: Ուսանողների աչքերով սկսնակ հռետորների ելույթները բավականին հետաքրքիր էին, սակայն ժյուրիի անդամները փոքր ինչ այլ կարծիքի էին: Նրանք հետագա նմանօրինակ ելույթների համար բավականին արժեքավոր խորհուրդներ տվեցին ուսանողներին, ինչը ոչ միայն միջոցառման մասնակիցների, այլ նաև ուսանող-հանդիսատեսի վրա մեծ ազդեցություն ունեցավ:Հռետորիկայի մրցույթը տեղի ունեցավ երկու փուլով:       Երկրորդ փուլ անցան Իրանագիտության բաժնի առաջին կուրսի ուսանող Վահան Կոստանյանը և Արաբագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Անժելա Կջդրյանը: Երկրորդ փուլի համար ժյուրին համպատրաստից առաջարկեց «Ֆեմինիզմի դրսևորումները Հայաստանում և առհասարակ ֆեմինիզմ» թեման, իսկ ահա մասնակիցներին տրվեց 10 րոպե ժամանակ` իրենց մտքերը ի մի բերելու և հստակ ամփոփելու համար: Այս փուլում երիտասարդ հռետորները հանդես եկան որպես երկու հակադիր կողմերի ներկայացուցիչներ, և ի վերջո մրցույթի հաղթող ճանաչվեց Իրանագիտության բաժնի առաջին կուրսի ուսանող Վահան Կոստանյանը:Միջոցառման ժյուրին ողջունեց ուսանողների այս նախաձեռնությունը և խրախուսեց, որ հռետորիկայի մրցույթը շարունակական բնույթ ունենա:Ի վերջո, պետք է հասկանալ, որ հռետորիկան այնպիսի արվեստ է, որը ոչ բոլորին է հասու: Այդ արվեստին տիրապետելու համար դեռևս բազմաթիվ փուլեր է հարկավոր հաղթահարել և կարելի է համարել, որ մրցույթի մասնակիցներն արդեն նախնական փուլը բարեհաջող հաղթահարեցին:

Նյութը՝ Անի Հովակիմյանի

0 արձագանք:

Post a Comment